Անկախության համար քվեարկության դուրս եկած կատալոնացիների և իսպանական ոստիկանության բախումների լուսանկարներով են լույս տեսել իսպանական բոլոր թերթերը։ Հրապարակումները իրավիճակը սրելու մեջ մեղադրում են թե կատալոնական, թե իսպանական իշխանություններին: Հոկտեմբերի 1-ին կատալոնացիները քվեարկեցին շրջանն Իսպանիայից անջատելու օգտին: Իսպանիայի Սահմանադրական դատարանը արգելել էր հանրաքվեն` Սահմանադրությանը հակասելու պատճառով, բայց Կատալոնիայի իշխանություններն անտեսեցին արգելքը։ Իսպանիայի մյուս շրջաններից ուղարկված ոստիկանները օգտագործում էին ռետինե փամփուշտներ, կնքում էին ընտրատեղամասերը ու ցրում ընտրողների հերթերը: Կատալոնական իշխանությունների հաշվարկներով` ոստիկանության գործողություններից տուժել է 800 մարդ։ Թերթերը մեղադրում են թե Կատալոնիայի իշխանություններին, թե կենտրոնական` հայտարարելով, որ վարչապետ Մարիանո Ռախոյը կարող էր ավելին անել` նվազեցնելով վնասը: Շատերն են սպասում փողոցային պատերազմ ու քաոս:
El Pais-ը Կատալոնիայում հոկտեմբերի 1-ի իրադարձություններն անվանում է Իսպանիայի ձախողում. «Ինչ երեկ կատարվեց` մեր երկրի ձախողումն է, վնասը հասցվեց Իսպանիայի բոլոր քաղաքացիների շահերին ու իրավունքներին»:
Կատալոնիան թվերով
Իսպանիայի բնակչության 16%-ը ապրում է Կատալոնիայում
Իսպանիայից ապրանքների արտահանման 25,6% -ը Կատալոնիայից է կատարվում Իսպանիայի ՀՆԱ-ի 19% Կատալոնիայինն է
Իսպանական տնտեսության մեջ արտաքին ներդրումների 20,7%-ը գնում է Կատալոնիա
Getty-ին գրում է, որ Կատալոնիայի կառավարությունն ու խորհրդարանը պատասխանատու են ՙվիթխարի վնասի՚ համար, սակայն ոչնչով չի կարելի արդարացնել վարչապետ Մարիանո Ռախոյի պասիվությունն ու անփութությունը: Հիմա նա պարտավոր է նոր ծրագիր ներկայացնել` ինչպես պիտի խաղաղ համակեցության հասնեն Իսպանիան ու Կատալոնիան:
Բարսելոնայի La Vanguardia-ի գլխավոր խմբագիր Մարիուս Կարոլը կատարվածը որակում է քաղաքական գործիչների ձախողում: «Քաղաքական գործիչները խնդիրները լուծելու, ոչ թե ստեղծելու համար են»` գրել է նա, հավելելով, որ ճգնաժամը կանխելու անզորությունը համընդհանուր ֆիասկո է:
El Mundo-ն գտնում է, որ Ռախոյի ռազմավարությունը` նախ սպասել, հետո Կատալոնիա ոստիկանություն ուղարկել, լրջագույն ձախողում է: Վարչապետը չկարողացավ գիտակցել խնդրի մասշտաբները, առանց որի հնարավոր չէ սահմանադրական կարգը վերականգնել։
El Mundo-ն գրում է, որ հոկտեմբերի 1-ը կհիշեն իբրև չարագուշակ օր, երբ կատալոնյան իշխանության անպատասխանատվությունը մի կողմից, իսպանական կառավարության անվճռականությունը մյուս կողմից հարուցեցին քաոս: Թերթը իշխանություններին անհապաղ գործելու կոչ է անում։ «Ժամանակ չկա զսպման քաղաքականության և երկխոսության քաղաքավարի հրավերների»` գտնում է թերթը:
El Mundo-ի սյունակագիր Ռաուլ Կոնդեն իր հոդվածը վերնագրել է «Վտանգավոր խաղ Կատալոնիայում»: «Թվում է` կառավարությունը շահեց անօրինական քվեարկության խաղը,-գրում է նա։- Ռախոյը դեռ չի հասկանում, որ ղեկավարը նա չէ, ով կիրառում է օրենքները: Ղեկավարը նաև նա է, ով թույլի չի տալիս քաղաքականությունը վտանգավոր խաղի վերածվի»:
La Vanguardia-ում Լոլա Գարդիան գրում է, որ Իսպանիայի գործերը կարող են ավելի վատանալ, որովհետև հանրաքվեն վերածվում է ապստամբության: Նրան հուզում է` ի՞նչ կմտածի Իսպանիայի մասին միջազգային հանրությունը, երբ կատալոնցի ակտիվիստների ու ոստիկանների բախումներով լուսանկարները հայտնվել են աշխարհի թերթերում: ՙԲողոքը դեռ մի քանի օր կշարունակվի: Հիմա մենք մտնում ենք փողոցային բախումների փուլ՚` գրում է նա:
ВВС
Հ.Գ. Հետահայաց գնահատականով բոլոր լրատվամիջոցներն էլ կարող են մեղադրել թե Բարսելոնայի, թե Մադրիդի իշխանություններին, իսկ իրենք ի՞նչ են արել կոնֆլիկտը կանխելու համար: Գուցե վարչապետ Մարիանո Ռախոյը չէր պատկերացնում մասշտաբները նաև այն պատճառով, որ իրավիճակը համարժեք չէր արտացոլվում լրատվամիջոցներում։ Միանշանակ վարչապետը կարող էր Կատալոնիայի ինքնավարության ստատուտը ընդլայնել ու կանխել ապստամբության վերաճող հանրաքվեն: Բայց նա արեց հակառակը` 90 տոկոս ՙայո՚ հանրաքվեում Կատալոնիան չէր ասի, եթե չլինեին արգելքները, բռնություններն ու բախումները, համենայն դեպս` սոցհարցումները 50 տոկոսի շրջակայքում էին պտտվում: Հիմա արդեն Մարիանո Ռախոյը կամ պիտի հրաժարական տա, կամ շատ ավելին զիջի Բարսելոնային, քան մինչև հանրաքվեն:
Հետաքրքիր է` գրու՞մ են իսպանական թերթերը տարածքային ամբողջականության ու ազգի ինքնորոշման սկզբունքների անհամատեղելիության մասին, թե՞ դեռ վաղ է պատճառների մեջ խորանալ` զբաղվում են հետևանքների նկարագրությամբ։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ